«Գրին բենկ» աստղագետները նկատել են ջրածնի ամպեր, որոնք միավորում են Անդրոմեդի և Եռանկյունու գալակտիկաները: Բացահայտումը ներկայացվել է Ամերիկյան աստղագիտական հասարակության 220-րդ համագումարում: Այս մասին հաղորդում է ScienceNow-ն:
Աստղագետների խոսքերով` Անդրոմեդը և Եռանկյունու գալակտիկան վաղ անցյալում բավական մոտ տարածության վրա են եղել: Դա բերել է նրան, որ սառը ջրածնի ամպերը ձգողականության ուժի ազդեցության ներքո խառնվել են իրար: Սառը ջրածնի ամպերը տեղակայվել են գալակտիկաների մեջտեղում, հետագայում գալակտիկաներն իրարից հեռացել են, բայց նրանց միջև գոյություն ունեցող գազերը մնացել են:
Վերջերս «Հաբբլ» աստղադիտարանի միջոցով գիտնականները պարզել են Հարդագողի ճանապարհի և Անդրոմեդի բախման մոտավոր ժամանակը: Այն պետք է տեղի ունենա գրեթե 4 մլրդ տարի հետո: Աստղագետների հաշվարկներով` գոյություն ունի աննշան հավանականություն, որ Հարդագողի ճանապարհը մինչև Անդրոմեդին հասնելը կբախվի Եռանկյունու գալակտիկայի հետ:











































