Եգիպտոսի նախագահական ընտրությունների Գերագույն հանձնաժողովի գլխավոր քարտուղար Խատեմ Բագատուն չորեքշաբթի օրը «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը մեղադրել է հանձնաժողովի վրա ճնշում գործադրելու փորձի մեջ։ Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամմեդ Մուրսիի քարոզչամեքենան պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ընտրական հանձնաժողովից պահանջում է ընտրողների ողջ ցուցակները: Իսլամիստները վախենում են, որ ցուցակների մեջ կներառվեն զինվորականները և ոստիկանության աշխատակիցները, որոնց չի թույլատրվում քվեարկել: Նրանց կարծիքով՝ եգիպտական ուժայիններն այդ կերպ ցանկանում են աջակցել իսլամիստների հակառակորդին` նախկին վարչապետ գեներալ Ահմեդ Շաֆիկին:
Երեքշաբթի օրը «Մուսուլման եղբայրների» կողմնակիցները ԿԸՀ–ի շտաբ գրասենյակի մոտ ցույց են կազմակերպել: Ցույցի ժամանակ իսլամիստները կարգախոսներ են հնչեցրել, որոնցում ԿԸՀ-ին մեղադրել են ընտրությունները կեղծելու մեջ:
«Պետք չէ մեզ վախեցնելու փորձ անել կամ էլ ճնշում գործադրել մեզ վրա: Մենք առաջ էլ չէինք ենթարկվում ճնշումների, այժմ ևս չենք ենթարկվի»,-ասել է ԿԸՀ գլխավոր քարտուղարը: Միաժամանակ նա վստահեցրել է, որ ԿԸՀ–ն վերջին տարվա ընթացքում երկու անգամ հրապարակել է ընտրացուցակները` բացառելով զինծառայողներին, ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաև՝ մահացած քաղաքացիներին:









































