Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սիրիական ապստամբներին զենք է մատակարարում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Իրանական պետական հեռուստատեսության եթերից Լավրովը հայտարարել է, որ այն զինատեսակները, որոնք ապստամբները ստանում են Միացյալ Նահանգներից, կարող են օգտագործվել նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ պայքարում: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի խախտում միջազգային իրավունքը՝ զենք մատակարարելով սիրիական բանակին:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի այս խոսքերը դարձել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն հայտարարության պատասխանը, որտեղ նա նշել է, որ Սիրիա ռուսական ուղղաթիռների առաքումը սրում է իրավիճակը երկրի ներսում:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Սիրիային մատակարարում է բացառապես հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են կիրառվել միայն արտաքին հարձակման դեպքում:








































