ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Ա. Դոլունցը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռ. Շոխը ստորագրել են համաձայնագիր` Սիսիանի և Գորիսի շրջանների գյուղական համայնքների աջակցության ծրագրի երրորդ փուլի վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվում է 40 գյուղական համայնքներում և ուղղված է անասնապահության ոլորտի զարգացմանը, ֆերմերների համար կայուն եկամտի հնարավորությունների ստեղծմանը:
ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը կարևորել է Շվեյցարիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և շնորհակալություն հայտնել արդյունավետ և շարունակական համագործակցության համար: Նա գոհունակություն է հայտնել Սիսիանի և Գորիսի շրջանների գյուղական համայնքների աջակցության ծրագրի ընթացքից և վստահություն հայտնել, որ ծրագիրը երրորդ փուլում կիրականացվի նույնքան արդյունավետ, որքան նախորդ փուլերում:
Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռ. Շոխի կարծիքով`Գյուղական համայնքների աջակցության ծրագիրը մեկնարկել է բավականին հաջող և շարունակում է արդյունավետ իրականացվել: Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` աջակցության համար և տեղեկացրել, որ Շվեյցարիան նախատեսում է Հայաստանում կրկնապատկել իր բյուջեն և շարունակել Հայաստանում ֆերմերային տնտեսությունների աջակցության ծրագրերը` ավելացնելով նոր բաղադրիչներ: Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ քննարկվում է Սյունիքի մարզում անասնաբուժական ծառայությունների բարելավմանը, մասնավորապես՝բրուցելյոզի կանխարգելմանն ուղղված ծրագիր իրականացնելու հարցը:
Վ. Տերտերյանը և Ռ. Շոխը քննարկել են նաև իրականացվող այլ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:










































