Ավստրիայում՝ սողունների Happ այգում, 115 տարվա համատեղ կյանքից հետո կրիաների զույգը որոշել է ամուսնալուծվել: Այս մասին հայտնում է Discovery News-ը: Ինչպես նշել են կենդանաբանական այգու աշխատակիցները, վերջերս իրենք նկատել են, որ Պոլդին և Բիբին սկսել են քիչ ուշադրություն դարձնել իրար և չեն ցանկանում շփվել:
Այգու տնօրեն Հելգի Հապի խոսքով՝ Բիբի անունով էգը առաջինն է սկսել ցույց տալ, որ չի ցանկանում մնալ իր երկարամյա զուգընկերոջ հետ: Նա Պոլդիին ուշադրություն չի դարձնում, նույնիսկ հարձակվել է նրա վրա ու կծել:
Այգու աշխատակիցները փորձել են վերականգնել նրանց նախկին հարաբերությունները, նրանց բույն են տարել «ռոմանտիկ» ընթրիք, միասին զբոսանքներ կազմակերպել, սակայն ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել: Միմյանց նկատմամբ ագրեսիայի դրսևորումը բացառելու նպատակով նրանց տեղավորել են առանձին բներում:
Հապի խոսքով՝ երևում է, Բիբին գոհ է իր նոր կյանքից: Այգու աշխատակիցները հույս ունեն, որ ապագայում կրիաները կվերամիավորվեն:
Բիբին և Պոլդին իրար հետ են ապրել իրենց ողջ կյանքը: Նրանք մեծացել են միասին, այնուհետև զույգ են կազմել: Կրիաներն ապրում են մինչև 150 տարի:








































