Երեկ ռուսաստանյան մի շարք ընդդիմադիր ԶԼՄ-ների հետ DDoS հարձակման էր ենթարկվել նաև «Առաջին լրատվական»-ը:
Բոլորովին վերջերս «Առաջին լրատվական»-ը որոշել էր օգտվել ռուսաստանյան ընկերության պաշտպանիչ համակարգից այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԺ խորհրդարանական ընտրությունների նախօրեին «Առաջին լրատվական»-ը լայնածավալ հակերային հարձակման ենթարկվեց:
Երեկ Ռուսաստանում փաստացի այդ պաշտպանիչ համակարգն է հարձակման թիրախ դարձել, ենթադրաբար՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից, քանի որ տուժել էին միայն այդ համակարգի պաշտպանության տակ գտնվող Эхо Мовсквы, Ведомости, Коммерсант և Дождь ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները, որոնց թվում նաև` հայաստանյան «Առաջին լրատվական»-ը:
DDoS հարձակումը «Առաջին լրատվական»-ի վրա եղել է 17000 համակարգիչներից միաժամանակ:
Հիշեցնենք, որ Ռուսական Дождь հեռուստաալիքը և Новая газета թերթը, որոնք ուղիղ հեռարձակում էին միացրել «Միլիոնների երթից», հայտարարել են, որ իրենց կայքերը DDoS հարձակման են ենթարկվել:
Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Միխայիլ Զիգարը հայտնել էր, որ հարձակումը սկսվել է առավոտյան ժամը 11-ից: «Մեզ DdoS-ի են ենթարկում, և ժամանակ առ ժամանակ կայքը կարող է կախվել, սակայն մենք կպայքարենք դրա դեմ»,- ասվում է հեռուստաալիքի միկրոբլոգում:
Новая газета-ն նույնպես Twitter-ի էջում հայտնել էր իր կայքի վրա DDoS-հարձակման մասին և կոչ արել ընթերցողներին՝ հետևել հեռարձակմանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
DDoS-հարձակման մասին հայտնել էր նաև Эхо Москвы ռադիոկայանի կայքի գլխավոր խմբագիրը: Նա Twitter-ում գրել էր, որ առայժմ կայքն աշխատում է, սակայն հնարավոր են խաթարումներ:
Մայիսի 6-ին անցկացված «Միլիոնների երթին» նույնպես DDoS-հարձակման ենթարկվեցին մի շարք ընդդիմադիր ռուսական ԶԼՄ-ներ:











































