2010 թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակված նիստում դատարանում հարցաքննվել է ամբաստանյալներից լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, որը, ըստ նախաքննական մարմնի, դեպքից 8 օր առաջ եղել է բազմիցս նշված մարտական հենակետում և ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի հետ բռնություն գործադրել Արտակ Նազարյանի նկատմամբ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, ամբաստանյալը իր ցուցմունքում որևէ կարևոր կամ էական նշանակություն ունեցող փաստ չի ներկայացրել, այլ միայն պաշտպանվել է` նշելով, որ թեև եղել է այդ մարտական հենակետում, սակայն Արտակ նազարյանի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել:
«Չեմ կարող ասել` ամբաստանյալի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, քանի որ ամբողջ գործն է կեղծված, սակայն մեզ համար կարևոր էլ չէ նրա բռնություն գործադրելու փաստը, քանի որ մեղադրանքի կողմը այս կերպ փորձում է հաստատել, թե Արտակը ինքնասպանություն է գործել, իսկ ամբաստանյալները նրան հասցրել են դրան, մինչդեռ Արտակ Նազարյանին իրականում սպանել են»,- և ասաց Ռուբեն Մարտիրոսյանը` նկատելով, որ այն տպավորությունն է եղել, թե ամբաստանյալը չի ցանկացել ցուցմունք տալ նաև կապիտան Հակոբ Մանուկյանի դեմ: Եվ այդպես էլ ամբաստանյալը հարցաքննության կեսից արդեն հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 26-ին:
Հաջորդ նիստի ընթացքում դատարանը կշարունակի ամբաստանյալների հարցաքննությունը, սակայն այս փուլից տուժող կողմը մեծ ակնկալիքներ չունի: Ինչպես տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն է նշում, իրենք սպասում են ապացույցների հետազոտման փուլին:











































