Շուրջ 25 մարդ է սպանվել ու ավելի քան 40-ը ստացել են մարմնական վնասվածքներ Մյանմայի արևմուտքում բուդդիստների ու մուսուլմանների բախման ժամանակ:
Անկարգությունները ծագել են Մյանմայի ու Բանգլադեշի սահմանակից Ռակխայն նահանգում ամսվա սկզբին:
«Շուրջ 25 մարդ է մահացել Ռակխայն նահանգում անկարգությունների ժամանակ»,- ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը,- հայտնել է Մյանմայի կառավարության ներկայացուցիչը:
Առկա տեղեկության համաձայն` բախումների հետևանքով ևս 41 մարդ վիրավորվել է:
Սպանվածների թվում չեն ներառվել հունիսի 3-ին սպանված 10 մարդիկ: Այն ժամանակ զայրացած բուդդիստները հարձակվել էին մուսուլմանների վրա` վրեժ լուծելով մի կնոջ բռնաբարության ու սպանության համար:
Դրանից հետո Ռակխայնում սկսվել էին բախումներ, որոնք զուգակցվել էին սպանություններով ու հրդեհներով:
Տեղեկությունների համաձայն` այրվել են հարյուրավոր տներ, խանութներ, հարձակման է ենթարկվել երկու հիվանդանոց ու մեկ բանկ:
Մյանմայի կառավարությունը նահանգ հավելյալ զորքեր է ուղարկել` արտակարգ դրության ռեժիմ հաստատելու համար:
Ռակխայն նահանգի բնակչության մեծ մասը բուդդիստներ են, այստեղ բնակվում է նաև իսլամադավան ռոխինջա ժողովուրդը (կրոնական ու էթնիկական փոքրամասնություն Մյանմայում):








































