Հունիսի 12-ին Եգիպտոսում ձևավորվել է Սահմանադրական ասամբլեան, որը պետք է մշակի երկրի նոր հիմնական օրենքը,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Ընդհանուր առմամբ, ասամբլեայի կազմում են 100 մարդ, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվել: 39 տեղ զբաղեցրել են խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները, որտեղ մեծամասնություն են կազմում իսլամիստները: 6 տեղ բաժին է ընկել դատավորներին, 10 տեղ՝ իրավունքի ոլորտի մասնագետներին, մեկական տեղ զաղեցրել են պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի և արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Բացի այդ, ասամբլեայի կազմում ընդգրկվել են 21 պատվիրակներ արհմիություններից և 13 հասարակական գործիչներ: Հանձնաժողովի անդամներ են դարձել նաև ազդեցիկ իսլամական «Ալ-Ազհար» համալսարանի 5 ներկայացուցիչներ և քրիստոնեական համայնքի 4 ներկայացուցիչներ:
Որևէ որոշում կայացնելու համար Սահմանադրական ասամբլեան պետք է ստանա անդամներից առնվազն 67-ի աջակցությունը: Նման արգելքը, ինչպես հաղորդում է France-Presse-ը, անհրաժեշտ է, որպեսզի իսլամիստները ճնշող մեծամասնություն չստանան:
2012 թ. մարտին Եգիպտոսի խորհրդարանն արդեն ընտրել էր Սահմանադրական ասամբլեան, որտեղ մեծամասնություն էին կազմում իսլամիստները: Սակայն ապրիլին այդ կազմը չընդունվեց դատարանի կողմից, քանի որ չէր արտահայտում եգիպտական հասարակության կարծիքը:
Սահմանադրական հանձնաժողովի ձևավորման շուրջ բանակցություններն անարդյունք շարունակվում էին մի քանի շաբաթ: Գործն ընթացք ստացավ միայն այն բանից հետո, երբ Եգիպտոսի Բարձրագույն զինվորական խորհուրդը սպառնաց, որ եթե 48 ժամվա ընթացքում քաղաքական գործիչները որևէ ընդհանուր կարծիքի չգան, զինվորականները ինքնուրույն կկազմեն ասամբլեան:










































