Հաքերային հարձակման է ենթարկվել «ԱրմենՏել» ընկերության ինտերնետային կայքը՝ beeline.am-ը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ընկերության լրատվական ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, կայքի պարունակությունը ոչնչով չի վնասվել, պարզապես դեֆեյս են արել: Հարձակումը տևել է 15 րոպե: Ընկերության մասնագետները ներկայում զբաղվում են կայքի վերականգնմամբ:
«Հետաքննություն ենք իրականացնում: Կայքը շուտով կսկսի աշխատել նորմալ ռեժիմով: Հետաքննությունից հետո, եթե հարկ լինի, տեղեկություն կտարածենք: Քանի դեռ որևէ տվյալ չունենք, չենք կարող որևէ բան ասել, թե որ կողմից կամ ով է հարձակում գործել: Ոչ միշտ է այն անձը, որ ձևանում է որևէ երկրից, լինում հենց այդ երկրից»,- ասաց Ա. Բեղլոյանը՝ կրկին հավաստելով, որ որևէ պարունակություն չի տուժել:
Նշենք, որ beeline.am-ի առաջին էջը փակվել էր թուրքական դրոշի պատկերով և դրա ներքևի մասում գրառումով:





































