Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի պաշտպանական կոմիտեի անդամները Պենտագոնից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Рособоронэкспорт-ի նկատմամբ: Դա կապված է ամերիկյան հատուկ ծառայությունների պատրաստած զեկույցի հետ, որում վստահեցվում է, որ կոմերցիոն արբանյակների համար սարքավորման վաճառքի տեսքով ռուսական ընկերությունն Իրանին հանձնել է այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող են գործածվել բալիստիկ հրթիռների համար:
Այդ զեկույցը Սենատին է ներկայացվել նախորդ շաբաթվա վերջին: Զեկույցի գլխավոր եզրակացությունն այն է, որ չնայած միջազգային պատժամիջոցներին՝ Рособоронэкспорт-ը շարունակում է Իրանի հետ համագործակցությունը: Դրանում նաև նշված էր, որ Ռուսաստանի կառավարությունն ի վիճակի չէ վերահսկել պետական ընկերության գործունեությունը և չի կարող խանգարել նրան՝ Իրանի հետ ապօրինի գործարքներին մասնակցելու հարցում:
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Իրանը տիեզերական ծրագրերի պատրվակով մշակում է միջոցներ միջուկային մարտական լիցքերի փոխադրման համար և արդեն իսկ մոտ է մեծ հեռահարությամբ հրթիռի ստեղծմանը: Ըստ զեկույցի՝ Իրանը չէր կարող դա անել առանց երրորդ երկրի մասնակցության, որն Իրանի կառավարությանը տրամադրել է անհրաժեշտ սարքավորում ու տեխնոլոգիաներ: Рособоронэкспорт-ը հերքում է այդ մեղադրանքը:











































