ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսել է քայլեր ձեռնարկել՝ պարզելու, թե ինչու գյուղացիները հողերը չեն մշակում: Այս նպատակով նախարար Սերգո Կարապետյանը հատուկ հրաման է արձակել, որով հաստատվել և ներկայում իրականացվում է «Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման վիճակի ուսումնասիրման միջոցառումների» ծրագիրը, որի պաշտոնական նպատակը հենց վարելահողերի և բազմամյա տնկարկների չմշակման պատճառների բացահայտումն է:
Նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հանրապետության 10 մարզի թվով 37 նախկին վարչական շրջաններից նախօրոք ընտրված 5-ական համայնքներում (ընդամենը` 185 համայնք) իրականացվել է գյուղատնտեսական հողերի` վարելահողերի և բազմամյա տնկարկների օգտագործման վիճակի ուսումնասիրություն՝ հարցումների միջոցով: Յուրաքանչյուր համայնքից հարցման է ենթարկվել 30 հողօգտագործող, որոնք տարբեր պատճառներով լիովին կամ մասնակի չեն մշակում սեփականաշնորհված հողատարածքները:
Նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության աշխատակիցները լծվել են մարզերից ստացված հարցումների արդյունքների ամփոփմանը, որոնց հիման վրա պետք է նախապատրաստեն առաջարկություններ՝ հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Համաձայն 2011թ. հողային հաշվեկշռի՝ 449.2 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 36.5 %-ը կամ 164 հազ. հեկտարը: Չօգտագործվող հողատարածքների բաշխումն ըստ մարզերի հետևյալն է` Արագածոտնում 39.8 % կամ 21.48 հազ. հա, Արարատում` 17.6 % կամ 4.52 հազ. հա, Արմավիրում` 32.6 % կամ 13.52 հազ. հա, Գեղարքունիքում` 11.6 % կամ 9.52 հազ. հա, Լոռիում` 46.9 % կամ 19.70 հազ. հա, Կոտայքում` 64.5 % կամ 24.50 հազ. հա, Շիրակում` 34.9 % կամ 27.80 հազ. հա, Սյունիքում` 43.5 % կամ 19.08 հազ. հա, Վայոց ձորում` 72.2 % կամ 11.71 հազ. հա, Տավուշում` 44.3 % կամ 11.35 հազ. հա, Երևանում` 83.3 % կամ 0.82 հազ. հա, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում:
Հայաստանի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2010 թ. հաշվետվության՝ հողային հաշվեկշռի համաձայն՝ 449.2 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվել կամ նպատակային չի օգտագործվել շուրջ 36.9 %-ը կամ 165.6 հազ. հեկտարը:
Այսինքն, անցած տարի գյուղացուն հողին կապելու համար նախարարի ու կառավարության ողջ ջանքերի արդյունքում՝ վարկերի, պարարտանյութերի և այլնի սուբսիդավորում, 2011-ին վարելահողերի ընդամենը 0.4 %-ն է ներգրավվել գյուղատնտեսական շրջանառության մեջ: Ընդ որում, գյուղնախարարության աշխատակիցները նշում են, որ մեր սակավահող հանրապետությունում չօգտագործվող հողերի առկայությունը «լուրջ մտահոգության տեղիք է տալիս»:









































