«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջև ընթացող պայքարը հասել է իր գագաթնակետին:
«Բանն այն է, որ Հարությունյանին Հանրապետական կուսակցությունը խոստացել էր Ծառուկյանի դեմ դուրս գալուց հետո մեծ հնարավորություններ տալ, սակայն մինչ այժմ Հարությունյանը շարունակում է տուժել:
Ծառուկյանի սանիկին պատկանող 259 համարի երթուղուց այսօր շատ քչերն են օգտվում, քանի որ Ծառուկյանը դեռևս շարունակում է անվճար բարեգործական երթուղի աշխատեցնել Աբովյան-Երևան ուղղությամբ»,- ապա թերթը հավելում է.
«Հարությունյանը հույս ուներ, որ Աժ ընտրություններից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնելու, և ինքը հնարավորություն կունենա կուտակված պարտքերը մարել»:
Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Ծառուկյանի սանիկը վերջերս բողոքել է ոչ շարքային ՀՀԿ-ականների մոտ՝ ասելով, որ եթե առաջիկա 2 օրերի ընթացքում իր խնդիրները չկարգավորվեն, ինքը քայլեր կձեռնարկի:
«Թե ինչ քայլերի մասին է խոսքը, մեր աղբյուրները չմանրամասնեցին: Իսկ Հարությունյանից առայժմ մանրամասներ ստանալ չհաջողվեց»:










































