Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 4 տարվա ազատազրկման դատապարտված Վերնիսաժի գրավաճառի պաշտպանը այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրեց իրենց բողոքը և պահանջեց դատարանից անցյալ տարվա ապրիլի 23-ին «Վերնիսաժ» կոչվող տարածքում 10, 000 դրամով «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով գիրքը վաճառած գրավաճառ Սպարտակ Ակոջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից:
Գրավաճառ Սպարտակ Ակոջյանի պաշտպան Էդուարդ Չինարյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ դատարանում տված ցուցմունքով Ակոջյանը հիմնավորել է, որ իր գործողություններում հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված դիտավորություն չկա, որ ինքը այդ գրքերը վաճառել է կարիքից դրդված, որ նա այդ վաճառքի ընթացքում գնի վերաբերյալ սակարկել է գնորդների հետ, այսինքն` գրքի վաճառքի գործողությունները կատարվել են զուտ կոմերցիոն նպատակներով:
Նրա խոսքով` Ակոջյանը և նրա կինը նախաքննության ժամանակ հայտնել են, որ այդ ալբոմները վաճառել է կնոջ խնդրանքով, որպեսզի ձեռք բերվի Մ. Սարյանի նկարների ալբոմը: Սակայն դատարանը որպես ապացույց է կիրառել այն եզրակացությունը, համաձայն որի` «Արմյանսկի տեռորիզմ» ֆոտոալբոմի վերնագիրը և դրանում ներկայացված նյութերը կարող են ազդեցություն ունենալ ընթերցողների գիտակցության վրա` ստեղծելով հայ ազգի հանդեպ խաթարված պատկերացումներ, ազգային թշնամանք:
Այս եզրակացությունը, ըստ պաշտպանի, չի կարող ապացույց լինել, քանի որ այն կատարված է թերի, դա զուտ փորձագետի կարծիքն է և ոչ ՀՀ քաղաքացիների, որոնք միայն կարող են ասել, թե իրենց վրա ինչ ազդեցություն է ունենում գիրքը` առաջացնում է հայրենասիրական մղումնե՞ր, հպարտության զգացո՞ւմ ԱՍԱԼԱ-ի և հայկական ազատագրական ուժերի ու նրանց ձգտումների նկատմամբ, ատելություն և թշնամա՞նք է սերմանում թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ, թե՞ հակառակը:
«Այստեղ փորձագետը, միայն իր սուբյեկտիվ կարծիքով, կատարել է քննիչի կամքը: Այդ զուտ անձնական փաստաթուղթը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ թեմայի վերաբերյալ փորձագետը հետազոտություն չի կատարել, նա վերլուծել է միայն ֆոտոալբոմի բառերը և արտահայտությունները: Փորձաքննության եզրակացության մեջ ոչ մի արտահայտություն չկա այն մասին, որ Սպարտակ Ակոջյանը անձամբ վիրավորական արտահայտություններ է արել հայ ժողովրդի հասցեին և դա արել է ուղղակի դիտավորությամբ, այսինքն` դատահոգեբանական փորձաքննություն և արարքի սուբյեկտիվ կողմի հետազոտություն ընդհանրապես չի կատարվել», – վերաքննչ բողոքում գրել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» գրավաճառին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում ձեռք է բերել հակահայկական ադրբեջանական քարոզչության «ստեղծագործության» արդյունք հանդիսացող՝ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվությամբ՝ «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով ռուսերեն լեզվով հրատարակված թվով 10 գրքեր, որոնցում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված են, որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, իսկ 1970-1980 թվականների ընթացքում տարբեր երկրներում թուրք դիվանագետների և ներկայացուցչությունների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները վերագրված են «հայկական ահաբեկչական ուժերին», և հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դիտավորությամբ՝ 2011 թվականի ապրիլի 21-ին դրանցից 7-ը Վրաստանից իր հետ տեղափոխել է Հայաստան ու ապրիլի 23-ին փորձել իրացնել Երևանի «Վերնիսաժ» կոչվող բացօթյա տոնավաճառում, այդ ընթացքում տոնավաճառի վաճառողների և այցելուների ներկայությամբ հայտարարություններ անելով այսպես կոչված «հայկական ահաբեկչության» առկայության և այն հիմնավորող՝ իր կողմից վաճառվող գրքում արտացոլված «փաստերի» վերաբերյալ, այսինքն՝ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված հրապարակային գործողություններ կատարելու համար:









































