Եգիպտոսի հեռուստաալիքը եթերից հանել է սոցիալական գովազդն այն մասին, որ եգիպտացիները պետք է վախենան լրտեսներից։ Այս մասին հաղորդում է Now Lebanon պարբերականը: Հոլովակն արգելվել է մեծ թվով քննադատական արձագանքների պատճառով. սյուժեն և գաղափարը որակվել են որպես այլատյացություն:
Հոլովակում մի երիրտասարդ մտնում է բար, նստում իրեն անծանոթ եգիպտացիների խմբի հետ նույն սեղանի մոտ, վերջիններս էլ անմիջապես սկսում են նրան պատմել իրենց անհանգստացնող խնդիրների մասին՝ գների աճ, տրանսպորտային ճգնաժամ, հակազինվորական զրույցներ: Տղամարդը նրանց պատասխանում է անգլերենով և սկսում է ինչ–որ մեկին հաղորդագրություն գրել հեռախոսվ: Կադրից դուրս ձայնն ասում է, որ լրտեսը կարող է «ներթափանցել ձեր սրտի մեջ» և «մեկ բառը կարող է փրկել ազգը»:
Տեսանյութը եթերից հանելու մասին հայտնի է դարձել հունիսի 8-ին: Եգիպտական Nile Drama և Nile Cinema հեռուստաալիքների տնօրեն Ալի Աբդելռահմանը հայտնել է, որ տեսահոլովակի հեղինակները նպատակ չեն ունեցել բացասական վերաբերմունք արտահայտել բոլոր օտարերկրացիների նկատմամբ, այլ միայն ցանկացել են զերծ պահել եգիպտացիներին անծանոթներին կարևոր տեղեկություն հաղորդելուց: Որպեսզի հոլովակի գաղափարախոսությունը հասկանալի լինի, այն խոստացել են վերամշակել:
Եգիպտացիների անվստահությունն օտարերկրացիների նկատմամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ զբոսաշրջության վրա, որը երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է:
Եգիպտոսում 2011 թ. հեղափոխությունից հետո սկսել են աճել քսենոֆոբիական տրամադրությունները: Մասնավորապես, գրանցվել են լրագրողների ձերբակալության բազմաթիվ դեպքեր:











































