Եմենի բանակը գրոհով վերցրել է երկրի հարավում Աբյան մարզի Ջաար քաղաքը, որը մոտ մեկ տարի եղել է իսլամիստների հսկողության տակ:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, իսլամիստները, դուրս գալով Ջաարից, թռուցիկներ են տարածել, որոնցում տեղի բնակիչներից ներողություն են խնդրել այն բանի համար, որ Եմենի կառավարական զորքերի հետ իրենց բախումները հանգեցրել են քաղաքի ավերմանը:
Գործակալության տվյալներով՝ ռազմական գործողությունների սկզբից Աբյանում չեզոքացվել է «Ալ-Քաիդա»-ի 368 զինյալ: Զինվորների կողմից զոհվել է 98, խաղաղ բնակչությունից՝ 19 մարդ:
Եմենի կառավարական զորքերի և «Ալ-Քաիդա»-ի զինյալների միջև ակտիվ ռազմական գործողությունները սկսվել են 2011 թ. գարնանը, երբ մի քանի հարյուր ծայրահեղականներ գրավեցին Աբյան մարզի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Զինջիբարը: Բնակավայրերի մեծ մասը շարունակում է մնալ նրանց հսկողության տակ:










































