Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ խոշոր հողատերերի տեսակարար կշիռը տեղական հարկերի չվճարման մեջ բավականին մեծ է:
«Դուք գիտեք, որ համայնքները իրավասու են հետամուտ լինել իրենց` օրենքով ամրագրված հարկերի հավաքագրմանը: Այս առումով շատ դեպքերում մենք ունենք անպարտաճանաչ հարկատուներ, և այդ անպարտաճանաչ հարկատուների մեջ, ցավոք, կան նաև հարկատուներ, որոնք ունեն մեծ գույք, մեծ հողատարածքներ և հատկապես նրանց չվճարումներն են, որ անդրադառնում են համայնքների հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ու հատկապես վարչարարության վրա»,- նշեց Վ. Տերտերյանը:
Ըստ նրա` նախկինում համայնքապետերը ինչ-ինչ պատճառներով խուսափում էին խոշոր հողատերերին դատի տալ տեղական հարկերը չվճարելու համար: «Բայց մենք նախորդ տարի հարկերի մասին օրենքում արեցինք փոփոխություն, որը վերաբերում էր և՛ տեղական հարկերին, և՛ տեղական հարկերի վարչարարությանը: Ըստ այդմ` մենք ներդրել ենք մի նորմ, որի համաձայն խոշոր չվճարումների պարագայում համայնքապետերը պարտավոր են դատական հայցերով հանդես գալ»,- ասաց Վ. Տերտերյանը:
Հարցին, թե ունի՞ արդյոք նախարարությունը այն խոշոր հարկատուների ցուցակը, որոնք չեն վճարում տեղական հարկերը, Վ. Տերտերյանը պատասխանեց, որ նախարարությունը նման ցուցակ սկզբունքորեն չի կարող ունենալ:
Նրա խոսքով, տեղական հարկերը ժամանակին չվճարող խոշոր հողատերերի անունները գիտեն միայն համայնքապետերը, սակայն նրանք էլ իրավունք չունեն հրապարակել այդ անունները: Այսինքն` ըստ փոխնախարարի, օրենսդրությամբ արգելված է կոնկրետ անձի հարկային պարտավորությունների վերաբերյալ որևէ տեղեկատվություն հրապարակել:









































