Հարավային Կորեայում ԱՄՆ զորքերի (USFK) հրամանատար, գեներալ Ջեյմս Թուրմանը այսօր` հունիսի 12-ին, հայտարարել է, որ իր ստորաբաժանումներին անհրաժեշտ է հետախուզական ու մարտական ավիացիայի համալրում: Այս մասին տեղեկացնում է «Ռենհապ» գործակալությունը:
«Մեր մարտական պատրաստականությունը ուժեղացնելու համար ես խնդրել եմ ուղարկել հավելյալ էսկադրիլիա` հարձակողական ու հետախուզական հնարավորություններով, որպեսզի մեր բրիգադը համալրվի կործանիչ ավիացիայով: Ես խնդրել եմ ուժեղացնել նաև մեր պատրաստականությունը բալիստիկ հրթիռների պաշտպանության ոլորտում»,- հայտարարել է գեներալը:
Գործակալության տվյալով` խոսքը Հարավային Կորեայում նոր ավիացիոն գումարտակի ձևավորման մասին է` համալրված Apache ուղղաթիռներով ու Patriot զենիթահրթիռային համակարգերով:
Գեներալ Թուրմանի հայտարարությունը հնչել է այն աճող անհանգստության ֆոնին, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է իր պատմության մեջ միջուկային զենքի երրորդ փորձարկմանը կամ նոր ռազմական սադրանք կսկսի Հարավային Կորեայի դեմ:






































