Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Սաուդյան Արաբիայի գործերի ժամանակավոր հավատարմակատար Հասան Զեյդը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ կապված Սաուդյան Արաբիայում Իրանի մի շարք քաղաքացիներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ տեղեկատվության հաստատման հետ:
Իրանի ԱԳՆ-ի՝ Պարսից ծոցի հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալի Ռեզա Էնայաթին Հասան Զեյդին է հայտնել Իրանի կտրուկ բողոքը՝ կապված Սաուդյան Արաբիայի հակամարդկային ակցիայի հետ: Նա կտրուկ դատապարտել է Իրանի քաղաքացիների նկատմամբ Սաուդյան Արաբիայում բարձրագույն պատժի կիրառումը՝ պահանջելով, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունն անհապաղ բացատրի տվյալ հակամարդկային ակցիաները:
Դիվանագետը նաև Սաուդյան Արաբիային դատապարտել է այն բանի համար, որ նա Իրանի քաղաքացիներին թույլ չի տվել կապի մեջ մտնել Իրանի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության հետ՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիան հավատարիմ չէ միջազգային համաձայնագրերին ու մարդու իրավունքների նորմերին:
Հասան Զեյդը խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում իր կառավարությանը հանձնել Իրանի կառավարության խիստ դժգոհությունը և Իրանի կառավարությանն իրազեկել արդյունքների մասին:







































