Հայաստանի քաղաքական դաշտի զարգացումների կենտրոնը կրկին տեղափոխվել է ներիշխանական շրջանակ և այս անգամ, կարծես թե, անվերադարձ: Համենայնդեպս ակնհայտ է, որ եթե ընդդիմադիր կոչված դաշտում չլինեն էական փոփոխություններ, ընդ որում՝ ոչ թե, այսպես ասած, մարդկային, այլ որակական, արժեքային, մոտեցումների և տրամաբանության, ընդհանրապես՝ Հայաստանում ընդդիմադիր գործունեության փիլիսոփայության վերանայման փոփոխություններ, ապա Հայաստանում քաղաքական կյանքն այլևս կտնօրինի բացառապես իշխանությունը, և իշխանությունը կթելադրի խաղի կանոնները, ընդ որում՝ առանց որևէ արբիտրաժի:
Հայաստանի ընդդիմադիր դաշտում էլ այդ գիտակցումն անշուշտ կա, ինչի վկայությունն են վերջին շրջանի զարգացումները, որոնք մասնավորապես եղան և թերևս շարունակում են լինել Հայ ազգային կոնգրեսում, որը հիմնական ընդդիմադիր ուժն էր վերջին քառամյակի ընթացքում: Հայ ազգային կոնգրեսից դուրս եկան մի քանի ուժեր, այդ թվում ամենանշանակալին, իհարկե, «Հանրապետություն» կուսակցությունն էր՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ: Կոնգրեսում ներկայումս ավելի ու ավելի շատ են սկսում հնչել ինքնախոստովանության ձայներ, ինչը, իհարկե, ողջունելի է, որովհետև ընդհանուր առմամբ Կոնգրեսում կա բավական լուրջ ռեսուրս, որը կարող է իր արդյունավետությունը վերագտնել միայն ու միայն սխալներին ուղիղ նայելու, սխալներն ընդունելու դեպքում, որպեսզի հնարավոր լինի գտնել դրանք շտկելու ուղիները:
Նույն խնդիրը առկա է նաև ընդդիմադիր մյուս բևեռում՝ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» հատվածում: Բևեռներում, իհարկե, կան տարբեր խնդիրներ, հետևաբար տարբեր եզրահանգումներ կլինեն, բայց բոլորն ունեն մեկ ընդհանուր շահ՝ պրոցեսներից դուրս չմնալու համար գտնել ընդդիմադիր միասնական գաղափար, եթե, իհարկե, շահագրգռությունը ոչ թե քաղաքական շահերն են, այլ հասարակական և պետական վերափոխումների հարցում շահագրգռությունը: Այդ իմաստով պարզ է, որ շահագրգիռ ընդդիմադիր ուժերը ունեն նոր խաղ սկսելու անհրաժեշտություն, այսինքն՝ սեփական խաղը մտածելու և սկսելու անհրաժեշտություն: Նրանք պետք է դուրս գան իշխանության թելադրած խաղից, որովհետև այդ խաղում նրանց դերն առավելագույնը պահեստայինների դերն է, որոնք լավագույն դեպքում վարժանք են իրականացնում դաշտի եզրին՝ կողքից հետևելով խաղին և սպասելով, թե «մարզիչն» ում «կփոխարինի»: Այդ իրավիճակը ընդդիմադիր ուժերի համար պետք է լինի ոչ միայն քաղաքական, այլ նաև արժանապատվության խնդիր: Պետք է դուրս գալ դաշտի եզրից և նախ գտնել նոր մարզադաշտ, հետո մշակել խաղային նոր ձեռագիր ու տրամաբանություն, իհարկե՝ ամենից առաջ որոշելով, թե ի վերջո ինչ ենք խաղում՝ նույն խաղը ա՞յլ տեղ, թե՞ ուրիշ խաղ՝ բոլորովին այլ կանոններով ու սկզբունքներով:
Ներկայումս Հայաստանի ապագայով և երկրում իսկապես լրջագույն քաղաքակրթական վերափոխումներով մտահոգ ուժերի համար առաջնայինը այդ խնդիրն է, և այն պետք է դառնա ընդդիմադիր քննարկումների առանցք: Դրա համար, որպես սկիզբ, ըստ երևույթին անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան նստել մեկ սեղանի շուրջ և խոսել առանց միմյանց վիրավորելու, առանց հիստերիայի, աղմուկի և աղաղակի, քննարկել քաղաքական իրավիճակն ու հեռանկարները, լսել ու հասկանալ միմյանց: Ի դեպ, այդ բանն անելու կարողությունն էլ կդիտվի որպես ավելին անելու կենսունակության ցուցիչ:









































