Փաստաբան Կարեն Մեժլումյանը համոզված է, որ իր պաշտպանյալ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Սիլվա Ասատրյանի նկատմամբ ՀՀ դատական ատյաններում բազմաթիվ ապօրինություններ են կատարվել, ընդ որում` գլխավոր դատախազության ցուցումով: Սակայն խնդրում դրական տեղաշարժ է նկատվում եթե ոչ ներպետական դատարանների, ապա Եվրադատարանի կողմից: Մասնավորապես, երեկ Փաստաբանների գործադուլին վերաբերող լրագրողների հետ հանդիպմանը Մեժլումյանը հայտարարեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում արդեն 7 տարի պատիժ կրող Սիլվա Ասատրյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է հարցումներ անել Հայաստանի կառավարությանը, ինչը նշանակում է, որ Եվրոպական դատարանն ըստ էության վարույթ է ընդունել գործը:
Սիլվա Ասատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ հանցագործության բնույթ կրող բազմաթիվ ապօրինություններ են կատարվել: Նա ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ԱԱԾ աշխատակիցների կողմից վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից հափշտակվել և ապօրինի զրկվել է ազատությունից, ինչի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել: «Ենթակա լինելով արդարացման` գլխավոր դատախազության պնդմամբ Ասատրյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, այն էլ՝ գործի նյութերով չհետազոտված ապացույցներին հղում անելով, և վճռաբեկ դատարանը դա համարել է թույլատրելի: Պատիժը կրելու ընթացքում ապօրինաբար, առանց օրենքով նշված 2 հիմքերից (պատիժ կրողի դիմում կամ խախտում) որևէ մեկի առկայության, գլխավոր դատախազության գրավոր որոշման հիման վրա ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովը խստացրել է պատժի կրման ռեժիմը, և դատարանը դա էլ է թույլատրելի համարել` պատճառաբանելով, որ որոշումը կայացվել է բաց քվեարկությամբ (քվեարկության ձևը պահպանվել է, հետևաբար չի կարող անվավեր ճանաչվել», – ասում է փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Նրա խոսքով` բացի ՀՀ-ի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից, երեք անգամ էլ ՀՀ սահմանադրական դատարանն է հակասահմանադրական ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնց կիրառմամբ վերադարձվել են Սիլվա Ասատրյանի վճռաբեկ բողոքները, սակայն վճռաբեկ դատարանն այդպես էլ վարույթ չի ընդունում և, ըստ էության, չի քննում Սիլվա Ասատրյանի վճռաբեկ բողոքը:
Փաստաբանի խոսքով` այս ամենով չեն ավարտվում պատանդի կարգավիճակում գտնվող Սիլվա Ասատրյանի դեմ շարունակական բնույթ կրող ապօրինությունները: 2011 թ. մայիսի 26-ին հայտարարված համաներումից հետո էլ Սիլվա Ասատրյանը շարունակում է ապօրինաբար պատանդի կարգավիճակում պահվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: «Բանն այն է, որ 9 տարվա ազատազրկումից 2 տարին ՀՀ քր. օր-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատիժն է, որի համար, ՀՀ ԱԺ 26.05.2011 թ. համաներման մասին որոշման 1-ին մասի 1-ին կետի համաձայն, պատժից ազատվում են ամբողջությամբ (պատժից ազատվում են առավելագույնը երեք տարվա ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք), իսկ պատժի մնացած մասի նկատմամբ էլ կիրառվում է համաներման մասին որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը, որը վերաբերում է ծանր հանցագործություններին, և ըստ որի՝ պատժի չկրած մասը կրճատվում է մեկ քառորդով», – ասում է փաստաբանը և հավելում, որ քրեակատարողական հիմնարկը դատախազության պարտադրմամբ այն երկու տարվա ազատազրկման վրա էլ է տարածել պատժի չկրած մասը մեկ քառորդով կրճատելու դրույթը, որը ծանր հանցագործություններին է վերաբերում, փոխանակ այդ մասով կիրառեր պատժից ազատելու դրույթը: «Եթե Սիլվա Ասատրյանի նկատմամբ համաներումը կիրառվեր կամ ճիշտ կիրառվեր, ապա նա արդեն պետք է ազատ արձակված լիներ, քանի որ 26.05.2011 թ. դրությամբ արդեն իսկ կրել էր 7 տարի և 15 օրվա պատիժ, իսկ 9-2=7: Արդյունքում, խախտումները շարունակվում են, մարդը` մանկավարժ կինը, երկու երեխաների մայրը, պահվում է պատանդի կարգավիճակում և հերթական դիմումն է պատրաստվում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասում է նա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան Մեժլումյանը դիմել էր 4 տարի առաջ:










































