Հայ ազգային կոնգրեսի հունիսի 26-ին կայանալիք հանրահավաքի մասին որոշումը նախապես համաձայնեցվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:
«Ինչ որ հնարավոր էր հեռախոսով քննարկել, քննարկել ենք: Իմ տեսակետը հարցրել են, ես էլ համաձայնությունս տվել եմ»,- ասաց նա:
Հարցին՝ հանրահավաք անցկացնելու որոշումն ընդունվել է քաղխորհրդի նիստո՞ւմ, թե որոշ անհատների կողմից, ՀԱԿ անդամն ասաց, որ մի քանի օր է՝ քաղաքում չի եղել և նման մանրամասների չի տիրապետում:
Պետրոս Մակեյանը միաժամանակ տեղեկացրեց, որ չգիտի՝ որն է լինելու հունիսի 26-ի հանրահավաքի օրակարգային թեման, կամ ինչ նպատակով է այն հրավիրված:
Հիշեցնենք, ՀԱԿ-ը հանրահավաք կանցկացնի հունիսի 26-ին՝ Ազատության հրապարակում:
Կոնգրեսի վերջին հանրահավաքը տեղի է ունեցել մայիսի 8-ին։










































