Թուլուզում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչ Մուհամմեդ Մերի հայրը Ֆրանսիայի իշխանությունների դեմ հայց է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
Փաստաբանը մասնավորապես նշել է, որ Մերի հայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել երկրի իշխանությունների այն ներկայացուցիչներին, ովքեր իր որդուն ոչնչացնելու հրաման են տվել: Նրանք բոլորը մեղադրվում են սպանության մեջ:
«300-400 զինված ուժեր՝ ընդդեմ մեկ մարդու, ով պատսպարվել է իր տանը: Միայն դա պետք է հարցեր առաջացնի»,- հայցի ներկայացումն այսպես է մեկնաբանել Մերի ընտանիքի փաստաբանների ղեկավարը, ալժիրուհի Զահիյա Մոկթարին:
Մուհամմեդ Մերի հայրը դատարան հայց ներկայացնելու մասին հայտարարել էր դեռ մարտին: Ապրիլին Մոկթարին հաղորդել էր ինչ-որ տեսագրությունների գոյության մասին, որտեղ Մուհամմեդ Մերն ասում էր, որ ինքն անմեղ է։ Փաստաբանը վստահեցնում էր նաև, որ ոստիկանությունը Մերին օգտագործել է իր նպատակների համար: Բոլոր նյութերը ոստիկանությունը խոստացել է ներկայացնել հետաքննությանը:
Մուհամմեդ Մերը, ով իրեն «Ալ-Կաիդա»–ի հետնորդ էր համարում, իր վրա էր վերցրել երեք զինծառայողների, հրեական դպրոցի ուսուցչի ու երեք աշակերտների սպանությունների պատասխանատվությունը, որը տեղի էր ունեցել մարտին՝ Թուլուզում: Իր գործողություններն ահաբեկիչը տեսագրել էր: