Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը դատի է տվել news.am լրատվական կայքին։ Դրդապատճառը եղել է այն, որ 2010թ. նոյեմբերի 23-ին կայքը հոդված է հրապարակել Հովհաննես Կաթրջյանի մասին, ով իր խոսքում մեղադրել էր բժշկական կենտրոնին` իրեն խաբելու և 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ:
Մենք զրուցեցինք կայքի իրավապաշտպան Արամազդ Կիվիրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ հայց է ներկյացվել news.am լրատվական կայքեջի դեմ, բայց այնտեղ իրավական առումով որոշակի խնդիր կա, որովհետև news.am լրատվական գործակալությունը ինքը կայք է։ Այսինքն իրավական առումով իրենք սխալ հայց են ներկայացրել գոյություն չունեցող իրավաբանական անձի դեմ, որովհետև ինքը ՍՊ ընկերություն է, իսկ իրենք հայցը սխալ իրավաբանական անձի դեմ են ներկայացրել։ Ավելի ճիշտ, ոչ թե սխալ, այլ գոյություն չունեցող։
«Հոդվածի հրապարակումից առաջ լրատվական կայքը զանգահարել է համապատասխան բուժհիմնարկ, որպեսզի վերջիններս նույնպես մեկնաբանություն տան։ Սակայն տնօրենը հրաժարվել է մեկնաբանություններ տալ և բնականաբար տնօրենի կոնկերտ ասած բառերը և այն, որ նա հրաժարվում է մեկնաբանությունից ևս տպագրվել է։
Բայց, չգիտես ինչու, իրենք դա դիտարկել են որպես պատիվը և արժանապատվությունը արատավորելու արարք և ներկայացրել 2 միլիոնի և հերքման, ինչպես նաև դատական ծախսերը հոգալու պահանջ։ Իմ կարծիքով, ակնհայտ անհիմն հայցադիմում է զուտ իրավական առումով և դրա վերաբերյալ մեր հստակ դիրքորոշումը կարտահայտվի հաջորդ դատական նիստի ընթացքում։ Հաջորդ դատական նիստին մենք կներկայացնենք բոլոր փաստարկներն ու հիմքերը։ Նշեմ, որ դրա վերբերյալ իր հստակ դիրքորոշումն է հայտնել Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը իր բազմաթիվ որոշումներում»,-մանրամասնեց փաստաբանը և ավելացրեց, որ այստեղ տեսնում է խոսքի ազատության սահմանափակման միտում, ինչպես նաև ցանկություն կա որոշ կազմակերպություների կամ որոշ անձանց կողմից սահմանափակել մամուլի ու խոսքի ազատությունը, և այդ միտումը տեսնում է այլ լրատվամիջոցների դատական գործերում։
«Այսօրվա դրությամբ որոշ մարդիկ փորձում են դա օգտագործել իբրև զենք լրատվամիջոցների դեմ` ինչ-որ սահմաններում պահելու և նրանց խոսքից զրկելու համար»,- ավելացրեց Արամազդ Կիվիրյանը։










































