«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, վերջին շրջանում ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, որ շուտով Հայաստանում բացվելու է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ: Ընդ որում, ըստ այս լուրերի, մասնաճյուղը բացելու գաղափարը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանինն է, համալսարանը պատկանելու է հենց նրան: Սա, ինչ խոսք, լավ բիզնես կլինի ներկայիս նախարարի համար:
Մանավանդ խոսվում է նաև, որ Աշոտյանն առաջիկայում մտադրություն ունի փակել Հայաստանում գործող ռուսական յոթ բուհերի մասնաճյուղերից մի քանիսը,որպեսզի իր գաղափարն ավելի հաջողությամբ իրականանա:
Հայաստանում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերում սովորող ուսանողներին մեկ բուհում կենտրոնացնելու գաղափարը մեծ խառնաշփոթ է առաջացրել այդ բուհերում և հատկապես ուսանողների շրջանում, ովքեր արդեն սկսել են մտածել, թե ինչ է լինելու իրենց հետ: Այս մասին խոսում են անգամ Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, որը չի մտնում ռուսական այս 7 բուհերի մասնաճյուղերի ցանկի մեջ և համարվում է երկու երկրների կառավարությունների համատեղ ծրագիր:
Այս տեղեկությունը թերթը փորձել է ճշտել հենց ԿԳՆ-ից, որտեղից մեկ շաբաթ անց իր գրավոր հարցմանը պատասխանել են բառացիորեն հետևյալը, որ, «համաձայն հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ նախկին տրանսպորտի նախարար Ի. Լևիտինի միջև 2012 թվականի փետրվարի 7-ին կայացած հանդիպման արձանագրության 14-րդ կետի, ՀՀ-ում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը պետք է կայանա մինչեւ սույն թվականի . երկրորդ եռամսյակի ավարտը»: