Սփյուռքի նախարար, ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում սկանդալային հայտարարություն է արել. Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում փոխել Սահմանադրությունը, խորհրդարանը դարձնել երկպալատ:
Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, թե այդ փոփոխությունների համաձայն՝ խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկվելու են նաև սփյուռքահայերը, որոնք, ըստ Հրանուշ Հակոբյանի, պետք է մասնակից դառնան երկրի պետական կառավարմանը: «Սերժ Սարգսյանը, քննարկելով խնդիրը, եկել է եզրակացության և անում է առաջարկություն, որ այո, պետք է Հայաստանի պետական կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ լինեն, որոնք կարող են սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը: Պատահական չէ, որ այսօր մենք ուզում ենք փոխել ՀՀ Սահմանադրությունը, մեր պառլամենտը դարձնել երկպալատանի, առաջին պալատ` ներքին պալատ և վերին պալատ: Վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաև սփյուռքահայեր: Ես այսօր տեսա, մեր կալիֆոռնիահայ համայնքի ոգևորությունը սենատի ստեղծման գաղափարի շուրջ»,- հայտարարել է Հրանուշ Հակոբյանը: Այս հայտարարությանն արձագանքել է նաև Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը, որն ըստ էության, չի հերքել իշխանությունների նման մտադրությունը: «Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրության փոփոխությունը պատասխանատու քայլ է ու նախատեսում է բարդ և երկարատև ընթացակարգ: Նման որոշում կայացնելու համար, բնականաբար, պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ և մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ»,- ասել է Արմեն Արզումանյանը:
Իշխանությունների այս հայտարարությունները, թերևս, ուշագրավ շեշտադրումներ են պարունակում և հերթական անգամ ապացուցում, որ իշխանական վերնախավում պատկերացում անգամ չունեն «պետություն» գաղափարի հետ: Ավելին, հանուն մի քանի հազար դոլարի՝ այդ անձինք պարզապես աճուրդի են հանել երկրի իշխանությունը, բոլոր հնարավոր պաշտոնները:
Բանն այն է, որ երկպալատ խորհրդարանները լինում են ոչ թե միատարր երկրներում, այլ՝ դաշնային հանրապետություններում: Ստորին պալատն ընտրվում է ժողովրդի կողմից, իսկ վերին պալատը՝ դաշնային սուբյեկտների: Իսկ նման կերպ վարվելու նպատակը մեկն է, որ այդպես պաշտպանված լինեն բոլոր դաշնությունների իրավունքները: Մինչդեռ Հայաստանը համարվում է միատարր պետություն, ուստի՝ ՀՀ խորհրդարանը չի կարող լինել երկպալատ: Եթե բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժնում կրթություն ստացած Սերժ Սարգսյանը կարող է չիմանալ նման մանրամասներ, ապա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին ուսանողուհի, իրավաբանական գիտությունների դոկտոր, մաթեմատիկոս, քաղաքագետ Հրանուշ Հակոբյանը պետք է տիրապետեր այդ նրբություններին: Ավելին, քաղաքագետ-իրավաբանը պետք է նաև իմանար այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած իրավական պետության մեջ, այդ թվում՝ ՀՀ-ում, պետության սուբյեկտ հանդիսացողները, այսինքն՝ երկրի կառավարմանը մասնակցողները պետք է լինեն տվյալ պետության քաղաքացիները:
ՀՀ Սահմանադրության 30 հոդվածն էլ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք»: Այսինքն՝ ՀՀ Սահմանադրությունն ուղղակի ամրագրում է ՀՀ քաղաքացիների կողմից երկրի կառավարմանը, իշխանության ձևավորմանը մասնակցելու փաստը: ՀՀ օրենսդրությամբ արգելված է, որ ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորներն ու ՍԴ անդամները լինեն երկքաղաքացիներ: 2007թ փետրվարին, երբ ընդունվում էր երկքաղաքացիության վերաբերյալ օրենքների փաթեթը, այդ փաստը հստակ ամրագրվեց ՀՀ օրենսդրության մեջ: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65 հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն, իսկ ԸՕ 97 հոդվածն էլ նույն պահանջը դնում է ԱԺ պատգամավորի թեկնածուի համար: Իհարկե, եթե վարչախումբը փորձի իրականություն դարձնել Հակոբյանի գաղափարը, ապա նրանք ստիպված կլինեն փոխել երկրի ողջ օրենսդրությունը: Ու այդպես երկիրը ՀՀ քաղաքացիների ձեռքից կվերցնեն ու կհանձնեն արտերկրի հայերին: Այսինքն՝ այլևս ՀՀ պետության համար օրենքներ կընդունեն ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ՝ ուրիշ երկրում բնակվող, ուրիշ երկրի երկքաղաքացի հանդիսացող հայրենակիցները:
Մի կողմ թողնենք՝ ինչպես են որոշելու, թե այդ անձնավորությունն իրոք հայ է, թե ոչ, քանի որ դրա համար չկան հստակ չափորոշիչներ, և ցանկացած թուրք կամ ադրբեջանցի կարող է, փոխելով ազգանունը, հայ ներկայանալ: Այլ փորձենք մի պահ պատկերացնել, թե Լիբանանի, Իրանի կամ Ամերիկայի մեր հայրենակիցները ինչպես պետք է մեր ու մեր երկրի ճակատագիրը տնօրինեն, մեզ համար օրենքներ ընդունեն ու ստիպեն մեզ ապրել իրենց գրած օրենքներով: Հասկանալի է՝ ո՛չ Հրանուշ Հակոբյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն խորացել նման մանրամասների մեջ: Հիմա նրանց հարկավոր է ամեն գնով սփյուռքից գումարներ պոկել՝ «նաղդով», «քյաշ փողով», իսկ փողի դիմաց հարկավոր է «անոնց սիրաշահել», իսկ որպես լավագույն տարբերակ՝ «անոնց դեպուտատ դարձնել»:
Թե որքանով են տրամաբանական և օրենքին համապատասխան նախատեսվող փոփոխությունները` խնդրեցինք մեկնաբանել սահմանադրագետ Վարդան Պողոսյանին: «Դերակատարմանն օրենսդրական գործընթացում, ինչպես սովորաբար ունենում են վերին պալատներն այլ երկրներում, ես նման մոտեցմանը կտրականապես դեմ կլինեմ: Անկախ նրանից՝ մենք սփյուռք ունենք, թե չունենք, ՀՀ օրենքները գործում են ՀՀ տարածքում: Եվ լիարժեք նույն իրավունքները տալ նաև օտար երկրներում ապրող մարդկանց, կհակասի մեր Սահմանադրության բազմաթիվ հոդվածների»,- հայտարարեց պարոն Պողոսյանը:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում այսպես գնահատեց Հակոբյանի հայտարարությունները. «Հրանուշ Հակոբյանի կողմից սահմանադրական փոփոխությունների հարցի հնչեցումը, այն էլ ոչ թե Հայաստանում, այլ տասնյակ հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, ցույց է տալիս, թե ինչ բարձիթողի վիճակ է տիրում իշխանության ներսում: Շունը տիրոջը չի ճանաչում, և իրենք էլ չգիտեն, թե ով ինչ կարգի հայտարարություն պետք է անի: Այն խառնաշփոթը, որ ստեղծվել է կառավարական համակարգում, դրա արտացոլումն է»:
«Ժամանակ» օրաթերթ










































