Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մըրֆիին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանն ու դեսպան Մըրֆին հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների շուրջ: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարն ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլող քայլերի՝ ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի, շփման գծում պարբերական սադրանքների վրա:
Պատրիկ Մըրֆիին իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ իռլանդական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ շփման գծում լարվածության թուլացմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի օրակարգային հարցերին: