ԵԽԽՎ դերակատարման առումով հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը դեռևս հույսեր ունի, իսկ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԵԽԽՎ-ի դրսևորած դիրքորոշումը նրան հիասթափեցրել է:
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով ԵԽԽՎ-ն ունի ակնհայտ միակողմանի մոտեցում, որը տեսանելի է բոլորին: Հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Վեհաժողովն ակնհայտ կողմնակալ գործելակերպ դրսևորեց՝ վերաակտիվացնելով ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:
Հարությունյանը նաև հիշեցրեց Վեհաժողովի կողմնակալ քայլերից ևս մեկը, երբ ՀՀ հարցով համազեկուցող նշանակվեց ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախկին ղեկավար Գորան Լինդբլադը, որը հետագայում հայտարարել էր, թե մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի «կանտրակտային լոբբիստն է». «Այս քայլով ԵԽԽՎ-ն իրեն խայտառակ արեց»:
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն Լինբլադին պարգևատրել է շքանշանով: