ՆԱՏՕ-ի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-մայոր Կառլոս Բրանկոն news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կառույցն ամբողջությամբ աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «ՆԱՏՕ-ն հանդես է գալիս ուժի չկիրառման և հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Դաշինքը չի նախատեսում միջամտել կոնֆլիկտի կանխմանը կամ բանակցային գործընթացին: Այդ հարցում կան ուրիշ դերակատարներ»,- ասել է Բրանկոն: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ գեներալն ասել է, որ Ադրբեջանը կառույցի գործընկերն է, որը 1994-ից մասնակցում է խաղաղարար գործառույթների: Ներկայումս աշխատանքներ են տարվում համագործակցության շրջանակները ընդլայնելու և նոր ուղղություններ ներառելու նպատակով, մասնավորապես՝ դիմակայությունը կիբերմարտահրավերներին: «ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը Ադրբեջանի իշխանությունների որոշումն է: Մենք այս առումով ասելիք չունենք: Երկու տարի առաջ սեղանին կար նման հարց, սակայն ներկայումս այն օրակարգում չէ: Մեզ համար կարևոր է առկա համագործակցությունը»,- հայտարարել է գեներալ Բրանկոն:









































