РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել Իրանի հանդեպ պատժամիջոցների փաթեթը: Սենատի ընդունած օրինագծի համաձայն՝ նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իսլամական հեղափոխության պահակազորի նկատմամբ և պարտավորեցնում է այն բոլոր կազմակերպություններին, որոնց բաժնետոմսերը վաճառվում են ԱՄՆ-ում, արժեթղթերի հանձնաժողովին իրազեկել Իրանի հետ ցանկացած գործարքի մասին:
Բացի այդ, նոր պատժամիջոցներն առնչվում են էներգետիկ ոլորտում Իրանի հետ ցանկացած համատեղ նախագծին: Օրինագծով նախատեսվում է նաև վիզային պատժամիջոցներ սահմանել մասնավոր անձանց և այն ընկերությունների աշխատակիցների նկատմամբ, որոնք Իրանի կառավարությանն են մատակարարել իրենց արտադրանքը, և որը գործածվել է ցույցերի ցրման ժամանակ: Դա մասնավորապես վերաբերում է արցունքաբեր գազին ու ռետինե փամփուշտներին:
Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատը դեռևս դեկտեմբերին էր հավանության արժանացրել Իրանի հանդեպ պատժամիջոցների իր տարբերակը: Այնպես որ, ԱՄՆ Կոնգրեսի այդ երկու պալատներին մնում է համաձայնեցնել երկու տեքստերը: