Բջջային սարքերի խոշորագույն արտադրող Apple ընկերությունը փոխել է նոր iPad պլանշետի մոդիֆիկացիայի անվանումը: Պլանշետը, որն ապահովում է աշխատանքը LTE նորագույն տեխնոլոգիայով կապի հյուսիսամերիկյան ցանցերում, անվանափոխվում է` սարքի անբարեխիղճ գովազդի վերաբերյալ քննադատությունների տարափի պատճառով:
Ավստրալիայի և մի շարք եվրոպական երկրների սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կարծիքով` iPad-ի նախկին մոդիֆիկացիայի Wi-Fi+4G անվանումը ԱՄՆ-ի ու Կանադայի սահմաններից դուրս մոլորեցրել է պոտենցիալ գնորդներին: Այդ երկրներից դուրս սարքը չի կարողանում աշխատել LTE ստանդարտով ցանցերում, որոնք բջջային օպերատորները և սարքերի արտադրողները դասում են չորրորդ սերնդի ցանցերին:
ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների Apple-ի կայքերում, որտեղ սարքերը վաճառվում են մայիսի 12-ից, մոդիֆիկացիան սկսել է անվանվել iPad Wi-Fi+Cellurar, որը ցույց է տալիս, որ պլանշետն աջակցում է բջջային ցանցերին: Այլ երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում, որտեղ վաճառքը ևս սկսվել է, բջջային մոդուլով մոդիֆիկացիան չի անվանափոխվել:
Դժգոհության ալիքն Ավստրալիայում սկսվել էր ապրիլի վերջին՝ նոր iPad-ի վաճառքի մեկնարկից անմիջապես հետո: Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության ավստրալիական հանձնաժողովը հայտարարել էր, որ մտադիր է Apple-ի հետ հարաբերություններ պարզել` ապակողմնորոշող գովազդի համար:
Գաջեթի գովազդի հուսալիությունը ստուգելու մտադրություն էին հայտնել նաև Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի համապատասխան կառույցները: