Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է 1787 բանաձևը, որում նշվում է, որ Հայաստանը հայտնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները չկատարող երկրների շարքում:
Պատճառը, պարզվում է, «Ա1+» հեռուստաընկերությանը վերաբերող ՄԻԵԴ-ի որոշման չկատարելն է, ինչի հետևանքով հեռուստաընկերությունը շարունակում է մնալ եթերազրկված: «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, անդրադառնալով այդ բանաձևին, նշեց, որ այս դեպքում ստվերվում է մեր պետության իմիջը: «Հավասարվում ենք այն երկրներին, որոնք չեն կատարում ՄԻԵԴ-ի վճիռները և չեն տալիս որևէ սպառիչ բացատրություն, թե ինչու չեն կատարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Տեր-Եսայանը:
Նա ասաց, որ ԵԽԽՎ-ում ավելի մեծ ուշադրություն են դարձնում ազատ խոսքին, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու ազատությանը և ընտրելու իրավունքին: Մեր զրուցակցի հավաստմամբ` յուրաքանչյուր գործընթացից հետո սովորաբար ժամանակ է տրվում, որպեսզի պետությունը կատարի իր պարտավորությունները: