Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Աբդուլլահ Գյուլը միմյանց կհանդիպեն մայիսի 20-21-ը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում:
Թուրքական մամուլն ընդգծում է, որ դա կլինի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևի շուրջ վերջին վեց ամիսներին երկու երկրների միջև առաջացած լարվածությունից հետո Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների առաջին հանդիպումը:
ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում Գյուլը նաև առանձին հանդիպում է ունենալու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյուլն Օլանդին հղած իր շնորհավորական ուղերձում հույս էր հայտնել, որ թուրք-ֆրանսիական հարաբերություններում կսկսվի նոր ժամանակաշրջան, և որ Ֆրանսուա Օլանդը չի կատարի իր նախընտրական խոստումները և զգուշավորություն կդրսևորի Թուրքիայի համար զգայուն հարցերի (Հայոց ցեղասպանության) շուրջ: