«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ներկայումս՝ արդեն ՀՀԿ-ական, Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ոչ նախանձելի իրավիճակում է հայտնվել:
Քաղաքում համամասնական ցուցակով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաղթանակը Կարեն Խաչատրյանի անձի շուրջ մի շարք կասկածների տեղիք է տվել, քանի որ այս ընտրարշավում նրա դերը, ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, ՀՀԿ-ին ձայներ բերելն էր` ոստիկանապետի պաշտոնի դիմաց, սակայն բնակչությունը Խաչատրյանին, փաստորեն, հուսախաբ է արել:
Հանրապետական կուսակցությունը Արարատ քաղաքի 12000 ընտրողներից 10000-ին 10000-ական դրամներ էր բաժանել, բայց պարզվում է՝ բնակչությունը ՀՀԿ-ի գումարը վերցրել է ու ընտրել ԲՀԿ-ին, ինչի պատվին էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը, որին կիսով չափ պատկանում է Արարատի ցեմենտի գործարանը, որտեղ, ի դեպ, աշխատում է քաղաքի բնակչության հիմնական մասը, որոշել է բնակիչներին 13-րդ աշխատավարձ բաժանել:
Ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը այս պարագայում խայտառակ վիճակում է հայտնվել. նրանից պահանջում են որպես կաշառք հատկացված գումարները ետ վերադարձնել և կասկածում են նախկին կուսակցությանը «վաճառված» լինելու մեջ: Մինչդեռ, մեր տեղեկություններով, երեկ օրվա կեսին ոստիկանապետ Խաչատրյանն ինքն էլ ժողովել է այն բոլոր անձանց, որոնց միջոցով կաշառքի 10000-ական դրամները պետք է հասնեին բնակիչներին, ու խայտառակ վիճակի մեջ դնելով՝ մի լավ վախեցրել այն բանի համար, որ նրանք փաստորեն չեն իմացել՝ ով գումարի դիմաց պարտաճանչ ընտրությունն կկատարի, ով` ոչ: Այնպես որ, եթե ՀՀԿ-ն որոշի իսկապես գումարները ետ ստանալ Կարեն Խաչատրյանից, Խաչատրյանն էլ դրանք պահանջելու է բաժանողներից, ովքեր, ի դեպ, ծանր վիճակում են հայտնվել:
Իսկ թե ինչի համար են երեկ երեկրոյան ոստիկանապետին ծեծի ենթարկել, և կապ ունի՞ արդյոք դեպքը ոստիկանապետից ՀՀԿ հիասթափության հետ՝ կհայտնենք ավելի ուշ:










































