Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի Պահապանների խորհրդի մամլո քարտուղար Աբբաս Ալի Կեդհոդաին հայտարարել է, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խախտել է երկրի Սահմանադրությունը՝ նամակ հղելով Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդին.
«Իրանի Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն՝ նախագահն իրավունք չունի նախազգուշական ուղերձ հղել Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդին կամ իշխանության երեք ճյուղերի ենթակայության տակ գտնվող մարմնին: Այդ հոդվածի համաձայն՝ նախագահը Սահմանադրության երաշխավորն է:
Նախագահը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, լուծում է բոլոր հարցերը՝ բացառությամբ առաջնորդի (Խամենեի) հետ անմիջականորեն կապված հարցերի: Դրանով իսկ պատգամավորների վերահսկման վերաբերյալ նախագահի նամակը հանդիսանում է Սահմանադրության 113-րդ հոդվածի խախտում»:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր հերթին ոչ վաղ անցյալում կառավարությանն իրազեկել է, որ օրենսդիրների կողմից ընդունված բոլոր օրենքները հավանության են արժանացել Պահապանների խորհրդի կողմից, որին էլ հանձնարարված է ապահովել դրանց համապատասխանությունն իսլամական նորմերին:









































