Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսին և հանդես եկել ելույթով:
Զորահանդեսին ներկա են եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի Հանրապետության ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը, Սփյուռքի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր:
Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական խոսք է հղել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև.
«Արցախի հերոսական բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Սիրելի՛հայրենակիցներ,
Հարգելի՛հյուրեր,
Ի սրտե շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը սրբագործվել է մեր եղբայրների ու քույրերի արյամբ և դարձել համաժողովրդական ամենանվիրական տոներից մեկը:
Այս տոնական օրը ես նախևառաջ գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի ազատության նահատակված բոլոր քաջ հայորդիների պայծառ հիշատակի առջև: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նվիրյալներին:
Մայիսի 9-ը հաղթանակի տոն է, համազգային միասնության ու համախմբվածության, ազատատենչ ոգու և անկոտրում կամքի հաղթանակի տոն:
Մայիսի 9-ը Մեծ Հայրենականում մեր հայրերի ու պապերի հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի լավագույն զավակները մյուս ժողովուրդների հետ ձեռք ձեռքի պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության` անձնազոհ սխրանքի ու խիզախության օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար:
Մայիսի 9-ը մեր ազգային-ազատագրական պայքարում համայն հայության հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի բոլոր հատվածները համախմբվեցին Արցախի պաշտպանության վեհ գաղափարի շուրջ` դառնալով մի բռուցք, մի մարմին ու ոգի: Ամեն ինչ արվում էր` հանուն մեր սուրբ գործի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի դարավոր նպատակների իրականացման, նրա հարատևության ու լուսավոր ապագայի:
Հենց այդ գիտակցումով ազատագրեցինք տարիներ շարունակ գերության մեջ գտնվող Շուշին` մեր հինավուրց բերդաքաղաքը, հոգևոր ու մշակութային կենտրոնը, որն այսօր վերածնվում է ու նոր շունչ ստանում:
Հենց այդ գիտակցումով ստեղծվեց պաշտպանության բանակը` մեր ժողովրդի ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, նրա հպարտությունն ու մեծագույն նվաճումներից մեկը: Բանակը ծնունդ առավ Արցախյան ազատամարտի բովում և պատվով կատարեց ու այսօր էլ շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանի իր սրբազան առաքելությունը: Հայոց բանակի շնորհիվ է պահպանվում նաև խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում: Սա անժխտելի իրողություն է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել:
Մենք անում ենք և կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բանակը միշտ լինի հզոր ու հաղթական, ունենա մարտունակության բարձր մակարդակ ու ամուր ոգի, պատրաստ ամեն պահի իրականացնել իր առջև դրված ցանկացած խնդիր:
Ազատ, անկախ ու զորացող Արցախը թանկ ու բացառիկ արժեք է ամբողջ հայության համար: Մայր Հայաստանի, Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների ամենօրյա աջակցությամբ Արցախը ոչ միայն կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից, այլև այսօր կանգնել է կայուն զարգացման ուղու վրա: Հայրենի հողը արժանապատվորեն պաշտպանած ժողովուրդը պետք է ապրի արժանավայել կյանքով, և մենք ջանք ու եռանդ չենք խնայի այդ նպատակին հասնելու համար:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այսօր հայոց բանակի կազմում են և հպարտ կանգնած են զորահանդեսի շարքերում մեր զավակները, ովքեր ծնվել են ազատագրված հայրենիքում և անառիկ են պահում նրա սահմանները: Նրանք պատվով են շարունակում իրենց հերոս հայրերի գործը և դրանով իսկ վառ պահում մեր բոլոր նահատակների հիշատակը:
Մեր նվիրական հաղթանակը կերտողների հետ ուս ուսի Արցախյան բանակի այսօրվա զինվորը հաստատուն կերպով պաշտպանում է հայրենի երկրի ավտանգությունն ու հարազատ ժողովրդի անդորրը: Այդպես է արդեն 20 տարի, և այդպես կլինի ընդմիշտ:
Փա՛ռք հերոսական հայ ժողովրդին:
Փա՛ռքԼեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Փա՛ռք պաշտպանության բանակին և նրա քաջարի մարտիկներին:
Ուռա՜»:









































