Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական «Ալ-Յում» թերթին տված հարցազրույցի ժամանակ իրանցի դիվանագետ Մոժթաբա Ամանին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան միջազգային հանրության աչքում վարկաբեկում է Իրանին.
«Սաուդյան Արաբիայի կառավարությունը կեղծ հայտարարություններ է արել, թե Իրանը փորձել է մահափորձ կատարել Եգիպտոսում նրա դեսպան Ահմեդ Աբդել Ազիզի դեմ, ինչի կապակցությամբ ձերբակալվել են Իրանի երկու քաղաքացիներ:
Իրանի քաղաքացիների ձերբակալման մասին տվյալ հաղորդագրությունն ավելի ուշ հերքվեց պաշտոնական Կահիրեի կողմից: Սակայն, դժբախտաբար, Իրանին հասցեագրված այդ մեղադրանքները նորից ու նորից կրկնվում են: Անհիմն են նաև Սաուդյան Արաբիայի այն մեղադրանքները, թե Իրանն աջակցում է Լիբիայից Եգիպտոս մաքսանենգությանը:
Այդօրինակ մեղադրանքներն առաջ են քաշվում Թեհրանի ու Կահիրեի հարաբերությունների վատթարացման համար, քանի որ Իրանը վարում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն: Սաուդյան Արաբիան ինքը պետք է լուծի Եգիպտոսի հետ իր խնդիրները և անհիմն մեղադրանքներ չհնչեցնի մյուսների հասցեին:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև առկա են քաղաքական ու տնտեսական հարաբերություններ, ինչի համար էլ մեզ զարմացնում է այն, որ Սաուդյան Արաբիային անհանգստացնում է Թեհրանի ու Կահիրեի միջև հարաբերությունների բարելավումը»:










































