«Չնայած ողջ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը ժողովրդին կոչ էին անում ընտրակաշառք վերցնելու դեպքում ձայնը տալ ում ցանկանում են, բայց հաճախ ընտրակաշառք էին բաժանում նաև դրա դեմ հրապարակայնորեն ընդդիմացող որոշ ուժեր»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Հանրապետության գրեթե բոլոր մարզերից մենք բազմաթիվ ահազանգեր էինք ստանում, որ մեկ քաղաքացուն ընտրակաշառք է բաժանվել կոալիցիոն երեք կուսակցությունների կողմից՝ 10 հազարական դրամ: Բաժանել են՝ հստակ իմանալով, որ ձայնը մեկն է: Հավանաբար, մտածել են, որ երեքից էլ նույն գումարը ստանալով միայն ընտրողը կարող է «հավասար պայմաններում խղճի մտոք» քվեարկել: Ու հաճախ ընտրակաշառք վերցնողն ավելի «ազնիվ» է գտնվել, քան տվողը: Բազմաթիվ տեղամասերում քվեաթերթիկների հաշմման ժամանակ գրանցվել են դեպքեր, երբ նման խմբակային ընտրակաշառքը դարձել է անվավեր քվեաթերթիկի պատճառ:
Մասնավորապես Գավառում ոչ քիչ թվով ընտրողներ, ստանալով ընտրակաշառք նշված կուսակցությունների կողմից, երեք ուժերի անվան դիմաց էլ «պտիչկա» են դրել: Այնպես որ, մոտ 54 հազար անվավեր քվեաթերթիկների տրամաբանության կծիկը մասամբ սկսում է քանդվել»:








































