Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած աջակենտրոն «Նոր դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Անտոնիս Սամարասը երեքշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ չէ համաձայնել կառավարություն ձևավորելու վերաբերյալ արմատական ձախ ուժերի կոալիցիայի առաջարկին:
Սամարասը, ում կուսակցությունը խորհրդարանում ստացել է 108 տեղ, չի կարողացել համաձայնության գալ այլ կուսակցությունների հետ՝ կաբինետի ձևավորման հարցում: Կառավարության մանդատի ստեղծումն անցել է խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած ՍԻՌԻԶԱ կուսակցությանը (52 տեղ) և դրա ղեկավար Ալեքսիս Ցիպրասին:
«Մենք պատրաստ ենք հանդուրժել փոքրամասնության կառավարությանը, որին մենք անձամբ չենք մասնակցի։ ….Բայց պարոն Ցիպրասն անում է ամեն ինչ, որպեսզի կառավարությունը չձևավորվի»,- հայտարարել է Սամարասը:
Նրա խոսքերով` աջակենտրոնները հարգում են հույն ժողովրդի ընտրությունը և չեն ցանկանում նոր ընտրությունների նշանակում այն դեպքում, եթե հնարավոր չլինի ձևավորել կառավարություն:
Սամարասը քննադատել է ձախերի առաջարկը, ներառյալ՝ ձեռնարկությունների ազգայնացումը և պետական պարտքի աուդիտը: Նրա կարծիքով՝ նման միջոցները կհանգեցնեն Հունաստանի դեֆոլտին և եվրոգոտուց դուրս գալուն:









































