Մայիսի 6-ին ևս մեկ անգամ հիմնավորվեց, որ ՀՀ-ում իրականացվում է «սպիտակ ցեղասպանություն»: Նման հայտարարություն ՀԱԿ հանրահավաքի ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ամեն բակում, ամեն տանը մարդիկ համատարած զզվանք ու ատելություն են տածում Սերժ Սսրգսյանի նկատմամբ, մարդիկ ՀՀ-ում ընտրություն կատարում են ոչ թե ըստ սեփական զգացողությունների, ընկալումների, այլ ուժային և վարչական թելադրանքի ներքո: Այդ գործընթացը Ն. Փաշինյանն անվանեց «քաղաքացիական ցեղասպանություն»։
«Ընտրատեղամասերը նորօրյա Դեր Զոր են դարձել հայերի համար: Ողջ Հայաստանն է վերածվում քոչարյանասերժանտական Օսվենցիմի»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իր թիմակիցները թիվ 7-ում ձայների հաշվարկից հետո հպարտությամբ են հեռացել, քանի որ 9099 քաղաքացի քվեարկել է իր օգտին:
Ըստ Ն.Փաշինյանի՝ ՀՀ-ում գտնվել է 106 հզ. քաղաքացի, որ քվեարկել է ՀԱԿ–ի օգտին, և հենց նրանք են փրկելու Հայաստանի Հանրապետությունը, իսկ իշխանությունների կողմից մյուս գերեվարվածներին պետք է փրկել:
«ՀԱԿ խմբակցությունը պետք է գնա խորհրդարան և պայքար մղի ՀՀ–ի համար: Խորհրդարանական հնարավորությունները պետք է ծառայեն քաղաքացիական հեղափոխության նպատակներին»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ ընդունելու է քաղաքացիների՝ իրեն տրված մանդատը և այն ծառայեցնելու է ՀՀ քաղաքացիներին։








































