«Չելսի»-ի հարձակվող Դիդյե Դրոգբայի գործակալները մայիսի 8-ին հանդիպելու են «Շանհայ Շենհուա»-ի սեփականատիրոջ հետ: Հանդիպման նպատակն է իվուարցի ֆուտբոլիստի` չինական ակումբ հնարավոր տեղափոխության պայմանների քննարկումը:
Չինական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` ոմն մեկը, ում անունը, ի դեպ, չի հրապարակվում, կհանդիպի 34-ամյա ռմբարկուի ներկայացուցիչներին Սինգապուրում:
«Շանհայ Շենհուա»-ի ղեկավարները պատրաստ են Դրոգբային առաջարկել 2-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ 2012 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չինական ակումբն իվուարցի ֆուտբոլիստին առաջարկում էր 400 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձ, սակայն հարձակվողը չլքեց «արիստոկրատներ»-ի կազմը:
«Չելսի»-ի հետ ֆուտբոլիստի ստորագրած պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:








































