Բեռլինում ոստիկանությունը հայտնաբերել է 3 ռումբ, որոնք տեղադրված են եղել մայիսմեկյան ցուցարարների ճանապարհին: Այս մասին, ինչպես գրում է Focus-ը, մայիսի 7-ին հայտարարել է Բեռլինի ոստիկանության պաշտոնակատար Մարգարետա Կոպերսը:
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով` պայթյունների զոհ պետք է դառնային ոստիկանները:
Ռումբերը տեղադրված են եղել Կրոյցբերգ շրջանի այն փողոցներում, որոնցով պետք է ընթանային ցուցարարները:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու ռումբերը գործի չեն դրվել: Ինչպես պնդում են ոստիկանությունում, դրանց պայթելու դեպքում 15-20 մետր շառավղով մարդիկ ծանր վնասվածքներ կստանային:
Ոստիկանությունը դեռ չունի տեղեկություններ` ովքեր են տեղադրել ռումբերը: Կասկածում են ձախ արմատականներին, որոնք դեռ մինչ մայիսի 1-ն էին կոչ արել հարձակվել ոստիկանների վրա:
Մայիսմեկյան ցույցերը Բեռլինում ավարտվել էին ոստիկանների ու ցուցարարների բախումներով Կրոյցբերգ շրջանում: Ակցիայի մասնակցել էր շուրջ 10 հազար մարդ, որոնցից արմատականները իրավապահ մարմինների վրա էին նետել քարեր, շշեր։ Արդյունքում 81 ոստիկան տուժել էր անկարգությունների հետևանքով:







































