News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը գերատեսչության աշխատանքներում է ներգրավում իր նախկին աշխատակիցներին, որոնք աշխատանքից հեռացվել են կատարած կարգապահական խախտումների պատճառով:
Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կազմակերպության նախագահ Գեորգի Մոսիաշվիլին: Վերջինիս խոսքերով՝ Թբիլիսիի ուսումնական բազայում երեկ սկսվել է ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունից հեռացված զինծառայողների մոբիլիզացիան:
Մոսիաշվիլին հավելել է, որ կանչված զինվորականների հիմնական մասը կազմում են նրանք, ովքեր տարբեր պատճառներով խախտել են պայմանագիրը և դրամական պարտավորվածություն են ունեցել պետության առջև՝ ընդգծելով, որ կան նաև այնպիսիները, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել, ինչի հետևանքով նրանց վտարել են զինված ուժերից.
«Նրանց բոլորին առաջարկվել է կնքել նոր պայմանագիր՝ պետությանն ունեցած դրամական պարտքը դուրս գրելու դիմաց: Նրանք պետք է անցնեն երեքշաբաթյա նախապատրաստություն, ապա իրենք զբաղվեն Վրաստանի տարբեր շրջաններում ռեզերվիստների նախապատրաստմամբ: Նախապատրաստվելուց հետո նրանք կնշանակվեն ստորաբաժանումների հրամանատարներ՝ 700-1000 լարի աշխատավարձով (1 լարին համարժեք է 0.6 դոլարի):
Այս ամենը հաստատում է այն վարկածը, որ իշխանությունները կամավոր ռեզերվ են պատրաստում ոչ թե երկրի պաշտպանունակության բարձրացման, այլ իշխող կուսակցության քաղաքական շահերի պաշտպանության համար»:










































