Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հունվարի 24-ի հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները երեք երկրների՝ Աստրախանում կայացած հանդիպումից հետո տրված հանձնարարականների շրջանակներում: Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը,- հաղորդում է APA-ն: Պաշտոնյան նշել է, որ սա նախարարների արդեն չորրորդ հանդիպումն է երեք ամսվա ընթացքում, ինչը վկայում է ինտենսիվ աշխատանքի մասին: «Հանդիպմանը կոնկրետ պայմանավորվածություններ եղե՞լ են, թե՞ ոչ» հարցին Լուկաշևիչը պատասխանել է, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ հանդիպումը անցել է փակ ռեժիմով: Նա նաև ասել է, որ քննարկվել է Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան հաջորդ այցի գաղափարը: