Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ներկա կգտնվի Կենտրոնական Եվրոպայի նախագահների Յալթայի գագաթնաժողովին: Համաձայն լեհական ռադիոյի տվյալների՝ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գրիբաուսկայտեին խոստացել է հանդիպում կազմակերպել ձերբակալված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ։ Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Լիտվայի նախագահի խոսքերով՝ ինքը զրուցել է Ուկրաինայի առաջնորդի հետ Տիմոշենկոյի առողջության վերաբերյալ: «Մենք Վիկտոր Յանուկովիչի հետ պայմանավորվել ենք, որ ես հնարավորություն կունենամ հանդիպել Յուլյա Տիմոշենկոյի հետ: Դա արմատապես փոխում է իրավիճակը»,- УНИАН-ը մեջբերում է Գրիբաուսկայտեի խոսքերը:
Բալթյան երկու երկրների` Լատվիայի և Էստոնիայի ղեկավարները որոշել են Յալթայի հանդիպմանը չմասնակցել: Հայտնի է, որ գագաթնաժողովի հրավերը չեն ընդունել տարածաշրջանի 11 երկրների նախագահները: Լիտվայի առաջնորդից բացի, Յալթայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը հաստատել են Լեհաստանի, Սլովակիայի և Մոլդովայի նախագահները:










































