Եվրամիությունում ողջունում են Սերբիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք անցել են հանգիստ և խաղաղ: Համապատասխան հայտարարություն այսօր արել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը:
Նրա խոսքերով՝ ԵՄ-ն այժմ սպասում է կառավարության շուտափույթ ձևավորմանը, «որը կաշխատի դեպի Եվրոպա շարժվելու բարեփոխումների վրա, և մենք, անշուշտ, սպասում ենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին»,- հաղորդում է Интерфакс-ը:
Նա նաև շնորհավորել է ԵԱՀԿ-ին, որը Կոսովոյում հաջողությամբ աջակցել է սերբական ընտրություններին և գոհունակություն է հայտնել խաղաղ քվեարկության առնչությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերբական առաջադիմական կուսակցությունը, որի ղեկավարը Տոմիսլավ Նիկոլիչն է և ով գտնվում է ընդդիմադիր դաշտում, առաջատարն է խորհրդարանական ընտրություններում՝ ձայների 23,9 %-ով: Ապա ձայների 22,7 %-ով Ժողովրդավարական կուսակցությունն է, որի ղեկավարը ներկայիս նախագահ Բորիս Թադիչն է:
Սերբիայում նախագահի ընտրություններում, որի առաջին փուլը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ, առաջատարն է Ժողովրդավարական կուսակցության նախագահ Բորիս Թադիչը` 26,2 % ձայներով: Ընդդիմադիր Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդ Թոմիսլավ Նիկոլիչը հավաքել է ձայների 25 %–ը:
Այսպիսով՝ Սերբիայի նախագահը կընտրվի երկրորդ փուլում:










































