Մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեի հերթական հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը` քաղաքապետը նշեց, որ ընկերությունը պետք է ապահովի անխափան ջրամատակարարում և բաժանորդների համար մատչելի ծառայություն. «Երևանցուն հուզող խնդիրը բոլորիս խնդիրն է, պետք է աշխատենք այնպես, որ մեր բնակիչները գոհ մնան»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը քաղաքապետին ներկայացրեց ընկերության կողմից 2011թ.-ին մայրաքաղաքում նախատեսվող ծրագրերը: Քաղաքապետն ընդգծեց, որ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային, իսկ նմանատիպ հանդիպումները` հաճախակի:
Երևանի քաղաքապետարան










































