Ամերիկացի ճանապարհորդ Բիլ Ուորենը հաստատում է, որ հայտնաբերել է Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդի մարմնի գտնվելու վայրը: Ուորենը ցանկանում է ստորջրյա արշավ նախաձեռնել՝ փնտրելու նախկին թիվ մեկ ահաբեկչի մասունքները: Դրա համար նրան 200 հազար դոլար է անհրաժեշտ:
60-ամյա Ուորենը հաստատում է, որ Բեն Լադենի մարմինը գտնվում է Արաբական ծովի ընդերքում՝ հնդկական Սուրատ քաղաքից 320 կմ հեռավորության վրա:
Բիլ Ուորենը պատմել է, որ ինքը Պենտագոնում իր աղբյուրներն ունի, որոնք տրամադրել են արբանյակային նկարահանումներ: Դրանք ուսումնասիրելով՝ գանձեր որոնողը գտել է այն վայրը, որտեղ պետք է փնտրել Բեն Լադենի մասունքներով պարկը: Ճանապահորդի կապերին արժե վստահել: Նրա խոսքով՝ իր աղբյուրի տրամադրած ինֆորմացիայի շնորհիվ ինքը հաջող կերպով ուսումնասիրել է խորտակված 200 նավեր:
Ճանապարհորդը մտադիր է բեն Լադենի որոնումները սկսել հունիսին: Նա վստահեցնում է, որ իր առջև դրված հանձնարարությունը մեկ շաբաթում կկատարի: Նա չի բացառում, որ ամերիկացի զինվորականները կարող են փորձել խորտակել իր նավը: Դեռևս հայտնի չէ, թե անհրաժեշտ գումարից որքանն է Ուորենը կարողացել հավաքել:









































