Մայիսի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Յուրգեն Քլիմկեին (Jurgen Klimke) և Մանֆրեդ Գրունդին (Manfred Grund), ովքեր Հայաստանում են գտնվում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու կապակցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը զգալիորեն ընդլայնվել է: Նախարարը կարևորել է վերջերս Երևանում գերմաներենի ուսուցման կենտրոնի բացումը և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Կողմերը քննարկել են հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանում ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:








































