Երեկ՝ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի առաջին և վերջին պատասխանատուն ՀՀ նախագահի անվտանգության վարչությունն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ երեկվա պատահարը որակելով որպես խայտառակություն:
«Իսկ նախագահի անվտանգության վարչության ղեկավարն իր մասնագիտության հետ կապ չունի, չնայած ողջ կյանքում աշխատել է անվտանգությունում: Երեկվա միջադեպի պատասխանատուն հենց այդ մարդն է՝ անունը Հրաչիկ: Նա, որ այսօր վարչության պետ է և պատասխան է տալիս իր նախագահի անվտանգության համար, չպետք է միայն գեներալի համազգեստով նկարվի նրա հետ: Դա չէ նրա պարտականությունը: Նա պատասխանատու է երկրի առաջին դեմքի, և նրա մասնակցությամբ միջոցառմանը հավաքված ժողովրդի անվտանգության համար»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալի խոսքով՝ նախագահի անվտանգության վարչության ղեկավարը հսկայական անձնակազմ ունի, որը պետք է վերահսկեր նմանօրինակ զանգվածային միջոցառման ամեն մանրուք: «Հարյուրավոր սպաներն ու ենթասպաները պետք է նախապես ստուգեին փուչիկները, ցուցումներ գրեին մարդկանց անվտանգության նկատառումներով: Եթե մի վայրում 10 մարդուց ավելի է հավաքվում, խնդիր է առաջանում ապահովել նրանց անվտանգությունը: Բայց եթե երկրի առաջին դեմքի անվտանգության մասին չեն մտածում, տեսեք՝ ինչ վիճակում է ընդհանուր անվտանգության հարցը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀԿ համերգ-հանրահավաքի ընթացքում գազով լցված փուչիկներ էին հրավառվել: Արդյունքում ավելի քան հարյուր մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին բուժհիմնարկներ: Ներկայումս նրանց մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցներից:









































